Home » Ավինյանի «պայքարը». ինչ է կատարվելու ՔՊ ներկուսակցական «ծիրում»

Ավինյանի «պայքարը». ինչ է կատարվելու ՔՊ ներկուսակցական «ծիրում»

Հեղինակ - admin

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել նոր կառավարությունից իր դուրս մնալու կապակցությամբ, ասելով, որ այդուհանդերձ մնալու է ՔՊ կուսակցության վարչության անդամ: Ավելին, Տիգրան Ավինյանը հայտարարության մեջ նշել է նաև, որ նախընտրական շրջանում չի եղել աշխույժ, գերադասել է կենտրոնանալ գործադիր աշխատանքի վրա, քանի որ նաև տարակարծություններ է ունեցել նախընտրական ցուցակի կապակցությամբ, մասնավորապես բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքի, որը նրա կարծիքով թավշյա հեղափոխության առանցքային ուղենիշներից մեկն է:

Թե հատկապես ինչ նկատի ունի Տիգրան Ավինյանը, ակնարկելով ՔՊ նախընտրական ցուցակում բիզնեսի և քաղաքականության չտարանջատվածության մասին, կամ, թե ում նկատի ունի, նա չի մանրամասնում: Այստեղ հնարավոր է իհարկե տալ անուններ, անել ենթադրություններ, բայց տվյալ պարագայում խնդիրը կամ իրողությունը ունի թերևս ավելի լայն դիտարկման կարիք: Այստեղ առանցքայինը գուցե այն չէ՝ ունի՞ Տիգրան Ավինյանի դիրքորոշումը անձնական հարաբերության որևէ ինտրիգ, թե ոչ: Այստեղ ավելի հետաքրքիր է այն, թե արդյո՞ք Տիգրան Ավինյանը փաստացի հայտարարում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում այսպես ասած որոշակի ընդդիմադիր թևի ձևավորման մասին: Համենայնդեպս հայտարարությունը, որ նա շարունակում է մնալ ՔՊ վարչության անդամ և ջանքերը ծառայեցնելու է թավշյա հեղափոխության արժեքների առաջմղմանը, հնչում է այսպես ասած «պայքարի» տրամաբանության ոգով: Սա իհարկե հայկական կուսակցական իրականության մեջ կարող է լինել դրական հանգամանք, այն իմաստով, որ Հայաստանում այս կամ այն մոտեցման շուրջ տարակարծությունը սովորաբար բերում է անհամաձայնների կուսակցությունից հեռանալուն, երբեմն նաև նոր կուսակցություն ստեղծելուն: Այդպես է նաև Հայաստանում կուսակցությունների թիվը հասել է գրեթե հարյուրի: Մինչդեռ, հայկական քաղաքականության զարգացման գրավականներից մեկն էլ կարող է, և պետք է լինի այն, որ կուսակցական քաղաքականության, մարտավարության, կուսակցական որոշումների առումով ունեցած տարաձայնությունները չդառնան կուսակցությունից հեռանալու պատճառ, իսկ դրանց համար քաղաքական պայքարը ծավալվի հենց կուսակցության շարքերում: Չի կարող ժողովրդավարություն զարգանալ մի երկրում, որտեղ չի զարգանում ներկուսակցական ժողովրդավարությունը, թե անհատների մտածողության, թե կուսակցությունների բնույթի մակարդակում:

Հետևաբար, եթե Տիգրան Ավինյանի տարակարծությունը քաղաքական իմաստով ծավալվելու է ներկուսակցական ժողովրդավարության տրամաբանության շրջանակում, ապա դա կարող է համարվել իհարկե ամենևին ոչ բախտորոշ, սակայն Հայաստանի և հանրության համար էլ առնվազն օգտակար օրինակ: Միաժամանակ, արդյո՞ք այդպիսով Քաղաքացիական պայմանագիրը փորձում է ապահովել ներկուսակվական «ֆրակցիոն» բնույթ, այդպիսով ձգտելով քաղաքական ճկունության մի իրավիճակում, երբ ընդհանրապես միջազգային քաղաքականությունն է աչքի ընկնում ոչ ցածր «տուրբուլենտությամբ»: Միևնույն ժամանակ, Ավինյանի հայտարարության համատեքստում ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք: Փաստորեն, Ավինյանը «խոստովանում» է նախընտրական պասիվություն, պայմանավորելով դա իր տարակարծությամբ, և սա ուշագրավ է նախընտրական պասիվության մեկ այլ օրինակի ֆոնին, որի համար քաղաքապետ Հայկ Մարությանին մեղադրում էր վարչապետի այն ժամանակ գլխավոր խորհրդական, այժմ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, նրա այդ «մեղադրանքից» հետո մամուլում եղան լուրեր, թե կառավարող կուսակցությունն իբրև քաղաքապետի նոր թեկնածու է պատկերացնում հենց Տիգրան Ավինյանին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Այլ հոդվածներ