Home » Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին

Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին

Հեղինակ - admin

Այս ամիս կմեկնարկեն «Դեպի ճամբար» հումորային նախագծի երրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ նախագծի թիմին են միացել դերասաններ Գոռ Հակոբյանն ու Աղաս Մանուկյանը։ Կան նաև դերասաններ, որոնք այլևս ընդգրկված չեն նախագծում։ Նրանք են՝ Գոշը, Wing 21-ը, Բորիս Բաղդասարովն ու Իլոնա Մկրտչյանը։

Նախագծի պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանն այս մասին զրուցել է Tert.am Life–ի հետ և բացահայտել առաջին մանրամասները։

«Մաշի, Գոշի, Բորիսի և Իլոնայի չնկարահանվելու համար գործնական տարբեր պատճառներ կան, անձնական խնդիր չունենք։ Գոշն այս շրջանում այլ նախագծում էր նկարահանվում, զուգահեռ երկու նախագծում լինելը ճիշտ չէ։ Նրա հետ փակվեց նաև Մաշի գիծը, քանի որ նրանք զույգ էին խաղում։ Բորիսը հիմա երկրում չէ, Իլոնայի սցենարական գիծն ավարտվեց»,– ասաց նա։

Հարցին՝ իր կարծիքով՝ նախագծի վարկանշի վրա ինչպե՞ս կանդրադառնա կերպարների բացակայությունը, Գրիգորը պատասխանեց․ «Ամեն ինչ կախված է սցենարից, դա ավելի կարևոր հիմք է։ Իհարկե, դերասանների քասթինգը մեծ նշանակություն ունի, քասթինգը նպաստել է նախագծի կայացմանը, սակայն պրոյեկտը սիրվել է ընդհանուր գաղափարով։ Մենք մեր պրակտիկայում նմանատիպ դեպքեր շատ ենք ունեցել, երբ մի դերասանին փոխարինել ենք, մեկի կերպարային գիծն ավարտվել է, նախագծում այլ դերասան է ներգրավվել։ Նման դեպքերը չեն վնասել պրոյեկտին»։

Պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե հեռուստադիտողների արձագանքները որքանով են հաշվի առնում, այս կամ այն կերպարային գիծը փակելիս, օրինակ, նախորդ տարի ճամբար եկան Ժաննա Բուտուլյանն ու Իլոնա Մկրտչյանը, Իլոնայի կերպարային գիծը փակվեց, Ժաննայինը՝ ոչ։

«Հաշվի առնում ենք, բայց նույն Գոշի կերպարը բավականին սիրված էր որպես բարի տղա։ Այնուամենայնիվ, սցենարական փոփոխություն է տեղի ունեցել։ Առաջին, երկրորդ եթերաշրջաններում խնդիրներն այլ էին, երրորդում՝ այլ։ Պրոյեկտին զարգացում է պետք, այս առումով սցենարը պետք է հիմք ծառայի փոփոխությունների համար»,– ասաց նա ու հեռուստադիտողներին խոստացավ հետաքրքիր զարգացումներով եթերաշրջան։

Այս տարի ճամբարը կկազմակերպվի Երևանում։ Դերասաններն այլևս միասին չեն ապրի նկարահանման ընթացքում։ «Քաղաքային ճամբարներ էլ են շատ կազմակերպվում։ Այս տարի որոշեցինք մնալ քաղաքում, քանի որ Օլիմպիական տարի է, Օլիմպիական քոլեջում թեմատիկ ճամբար կազմակերպելը շատ արդիական էր։ Անպայման Երևանից դուրս գալու խնդիր չունեինք, կարևորը հետաքրքիր գաղափարն էր, որն այս տարի Երևանում կարելի էր իրականացնել»,– ասաց նա ու հավելեց, որ թեմատիկ մրցույթներ էլ են ունենալու։

«Դեպի ճամբարը» Գրիգոր Դանիելյանի պրոդյուսերական առաջին նախագիծն էր, որը հաջողեց։ «Չնայած առաջին եթերաշրջանը շատ կարճ տևեց, ընդամենը 12 սերիա էր, հենց սկզբից նախագիծն ունեցել է բարձր դիտողականություն և դրական արձագանքներ, երկրորդն ավելի մեծ գնահատական է։ Երկրորդ եթերաշրջանն արդեն սպասված էր, ըստ արձագանքների, ոչ ոք հիասթափություն չի ապրել, երրորդ եթերաշրջանը եռակի սպասված է։ Կարծում եմ՝ այն  նույնպես կհաջողի։ Մենք աշխատում ենք բոլոր գործոնների ուղղությամբ, որպեսզի այդպես լինի,– եզրափակեց նա։

Այլ հոդվածներ