Home » «Վեոլիա Ջուրը» բարելավում է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուրը» բարելավում է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

Հեղինակ - admin

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիրի մարզում սկսել է ջրաշինարարական խոշոր ծրագիր, որի ավարտին մարզի 5 համայնքներում՝ Էջմիածին քաղաքում, Այգեկ, Մրգաշատ, Մյասնիկյան և Բաղրամյան գյուղերում կթարմացվի բաշխիչ ցանցն ու կբարելավվի ջրամատակարարումը։ Ծրագրի իրագործման համար ընկերությունը հատկացրել է շուրջ 220 մլն դրամ։  

Քայքայված ջրագծերի պատճառով նշված համայնքներում արձանագրվում են հաճախակի վթարներ, ջրի զգալի հոսակորուստ, ճնշման անկում և այլն։ Իրականացվող ծրագրի արդյունքում հին ջրագծերը կփոխարինվեն նորերով, կկառուցվեն փականային դիտահորեր, փողոցներում կվերատեղադրվեն բնակիչների ջրաչափական հանգույցները և այլն:

«Մեր ընկերության կողմից սպասարկվող մարզային բնակավայրերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Արմավիրի մարզում իրականացվող ծրագրի արդյունքում մի քանի ամսից կունենանք որակապես բարելավված ջրամատակարարում, վթարների և ջրանջատումների թիվը զգալիորեն կնվազի։ Հետագայում էլ արվելու է հնարավորը՝ համակարգը շարունակաբար զարգացնելու, բաժանորդների կարիքները բավարարելու և սպասարկման որակը բարելավելու համար», — նշում է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

Ծրագրի մեկնարկն օրերս տրվեց Այգեկ գյուղում, որտեղ ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Այստեղ կառուցվելու է շուրջ 1300 մետր ընդհանուր երկարությամբ ջրագծեր, ինչպես նաև 1 հիդրանտի հոր՝ հակահրդեհային ծառայության համար: Արդյունքում գյուղի բնակիչների զգալի մասի ջրամատակարարումն էապես կբարելավվի:

Շուտով կմեկնարկեն աշխատանքները նաև մյուս համայնքներում: Առաջիկա 7 ամիսների ընթացքում 5 համայնքներում ընդհանուր առմամբ նախատեսվում է փոխարինել ավելի քան 8000 գծամետր երկարությամբ քայքայված խողովակաշարեր, տեղադրել 530–ից ավելի ջրաչափական և փականային դիտահորեր և այլն։

Այլ հոդվածներ